Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:
    Իմ կարծիքով, պատմվածքի բովանդակությունը այն է, որ ինչ էլ լինի այս կյանքում, միշտ պետք է հույս ունենալ: Չմտածել վատը, ինչքան էլ որ դժվար լինի լավի մասին մտածելը: Իսկ ամենավերջում, թագավորի օրինակով, ցանկանում էր ասել՝
    Փոս փորողը, ինքն է իր փոսը ընկնում:
  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը
    Բոլորիս կյանքում էլ եղել են հուսահատություններ կապված աշխատանքի, ուսման մեջ: Հուսահատվում են նաև մարդկանցից, որը ինձ համար ավելի վատ է, քան հուսահատվելը ինչ-որ աշխատանք կատարելուց: Հուսահատությունը ամեն մարդու վրա տարբեր ձև է անդրադառնում: Մեկի մոտ հուսահատությունը օգնում և ոգևորում է նրան ավելի ու ավելի շատ աշխատելու և հասնելու այն նպատակներին, որոնք սկզբում չէին հաջողվել իրագործել նրան: Կան մարդիկ էլ, որոնք հուսահատություն ապրելով, կորցնում են հետաքրքրությունը այն բանից, որից հուսահատություն են ապրել և էլ չեն ցանկանում նոր ինչ-որ բան փորձելու՝ մտածելով, որ կրկին հուսահատություն կապրեն:

Թողնել մեկնաբանություն