Կոմիտասի հիվանդությունը: Վարկած 2

1999 թվականին հրատարակվել է Խաչիկ Սաֆարյանի գիրքը՝ «Կոմիտաս-հրաշագործ»-ը։ «Հիվանդության գաղտնիքը» գլխում հեղինակը, լուսաբանելով մեծ կոմպոզիտորի հիվանդության գոյություն ունեցող վարկածները, բերում է կոնկրետ փաստեր նրա կյանքից և հիվանդության տարիներին նրա հետ անմիջական շփում ունեցած ժամանակակիցների վկայություններից։
«Վերադառնալուց հետո նրա առողջությունը վատթարացած էր՝ ներվային համակարգը խախտված էր։ Նա զբաղվում էր միայն Ավետարանի ընթերցմամբ եւ մեկնությամբ։ Միևնույն ժամանակ նա ինքնատիպ հացադուլ էր հայտարարել. միայն թեյ էր խմում։ Կոմիտասը նաև մեծ նշանակություն էր տալիս իր տեսած երազներին։
Մի անգամ, երբ մենք նրա տանն էինք, նա կրկին սկսեց խոսել Ավետարանի շուրջ։ Մեր միջև բանավեճ առաջացավ… Հանկարծ նա վրդովված բղավեց. «Ես Հիսուսն եմ, իսկ դուք՝ իմ աշակերտները. Թոմաս եմ կոչում քե՛զ, Վարդա՛ն»։ Այդ բառերն արդեն իսկ գուշակում էին հիվանդության վշտալի Վախճանը», — պատմում էր կոմպոզիտորի աշակերտ Վարդան Աղքյուլը։
Ասում են, Կոմիտասին հաճախ տանջում էր այն միտքը, թե իրեն հետապնդում են։
Հիվանդներից մեկի՝ Բյուզանդ Քեչյանի որդու վկայությամբ, Կոմիտասի մոտ անհիմն վախի զգացում կար։ Նրան թվում էր, թե թուրք ոստիկաններն հետևում են իրեն։

ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС Սողոմոն Գևորգի Սողոմոնյան


Նույնն է հավաստում նաև կոմպոզիտորի ընկերներից մեկը՝ Լևոն Մեսրոպը։ «Կոմիտասը նոր էր դուրս եկել ծանր վիճակից, երբ ինձ մոտ եկավ բժիշկ Թորգոմյանը և պատմեց նրա հիվանդագին վիճակի մասին։ Բժիշկն առաջարկեց հրավիրել Կոմիտասին մեզ մոտ, որպեսզի նա ցրվի։ Սիրով համաձայնեցինք, և մի ամիս վարդապետն հյուրընկալեց մեզ՝ շրջապատված հոգատարությամբ և ուշադրությամբ։
Ցավոք, աստիճանաբար խանգարման նշաններ ի հայտ եկան։ Մի անգամ մեր երեխաների հետ նա բլուր բարձրացավ, ապա սկսեց վազել դեպի վար. երեխաներին նա տուն հասցրեց գետնին քարշ տալով։ Մենք սարսափեցինք, սակայն ցույց չտալով՝ շարունակեցինք նրան խնամել։ Այդ դեպքից երկու օր անց նա անհետացավ սենյակից։ Ապարդյուն որոնումներից հետո, երբ մեր աղախինը մոմը ձեռքին մտավ մութ սենյակ, վարդապետը, որը պարզվում է պառկած էր մահճակալին, շտապ վեր թռավ եւ փչեց մոմը՝ վախեցնելով սպասուհուն։ Մեկ ուրիշ անգամ նա թաքնվել էր սեղանի տակ։ Երբ մայրս մտավ սենյակ, նա գոռալով դուրս ցատկեց…»
Ինչպես հիշում էր Աստվածատուր Հարենցը, «հոկտեմբերին նրա վիճակն էլ ավելի վատացավ. օրեցօր մարում էր նրա կենսուրախությունը։ Ինչպե՜ս էր նա ընդդիմանում արևի շողերին, նա, որ լինելով կղզում, միշտ հաճույքով էր դիմավորում արշալույսը։
Այդ վերջին ուրբաթը, ճաշի ժամանակ սպասում էինք, թե երբ է իջնելու։ Եվ հանկարծ, նա մեծ-մեծ քայլերով դուրս սլացավ։ Անշուշտ, ես հետևեցի նրան։ Երբ եկեղեցի հասանք, նա ներս մտավ, խնդրեց փակել դռները եւ ծնկի գալով՝ սկսեց լալագին աղոթել։ Խնդրելով քահանային ուշադիր լինել նրա նկատմամբ՝ ես վերադարձա տուն՝ հանգստացնելու հարազատներիս, ապա նորից գնացի եկեղեցի։ Պարզվեց, որ վարդապետն ու քահանան գետափ են գնացել։ Քիչ անց, գիշերվա մշուշում երևացին նրանք։ Տեսնելով ինձ՝ Տեր Վարդանն հայտնեց, որ վարդապետն ուզում է տուն վերադառնալ։ Անքուն գիշեր անցկացնելով՝ առավոտյան Կոմիտասին ուղեկցեցի նրա տուն, որտեղից բժիշկների խորհրդակցությունից հետո նրան տեղափոխեցին Շիշլիի «De la Pays» հոսպիտալ…»
Այդ հիվանդանոցում կոմպոզիտորին այցելեց նրա ընկերոջ որդին։ «Երբ նրա սենյակ մտա, Կոմիտասն անտարբեր հայացք նետեց վրաս. կարծես մոռացել էր իմ գոյության մասին, չնայած հաճախ էր եղել մեր տանը և լավ գիտեր ինձ։ Ես մոտեցա նրան և բարեկամաբար հարցրեցի. «Տե՛ր հայր, մի՞թե Դուք ինձ չճանաչեցիք։ Ես Վաղինակն եմ՝ Սմբատի որդին»։ Լսելով հորս անունը՝ նա հայացքն ուղղեց դեպի ինձ։ «Սմբատի որդի՞ն. այո՛, ճանաչեցի». ես վախ նկատեցի նրա հոգնած աչքերում։ Ապա անհանգիստ շարժում արեց, բարկացավ ու բղավեց. «Ես թույլ չե՛մ տա, որ սպանեն Սմբատին, թույլ չե՛մ տա, մարդասպաննե՛ր»։ Ու կրկին հայացքը սևեռեց դեպի պատուհանը… այլևս նա չպատասխանեց իմ հարցերին, չարձագանքեց իմ խոսքերին և չնայելով իմ կողմ՝ գոռաց. «Ես ձեզ չեմ ճանաչում, գնացե՛ք. ես իմ երգերը պետք է գրեմ…»
Վարդապետի լավագույն աշակերտներից մեկի՝ Աղավնի Մեսրոպյանի հայրը պատմում էր. «Հոգեբույժի ներկայությամբ Կոմիտասն իմ բոլոր հարցերին թուրքերեն էր պատասխանում. «Ձեզ երբեք չեմ ճանաչել և չեմ ցանկանում խոսել», — կրկնում էր նա»։
Չկարողանալով կարգավորել կոմպոզիտորի առողջական վիճակը՝ բժիշկների որոշմամբ նրան տեղափոխեցին Փարիզ՝ Վիլ-Էվրար հիվանդանոց։ Այնտեղ Կոմիտասին սպասում էր նրա մտերիմ ընկերը՝ Արշակ Չոպանյանը, որն այս անգամ համերգային դահլիճ ուղեկցելու փոխարեն, կոմպոզիտորին տարավ հոգեբուժարան։
1921 թվականին նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Վիլ-Էվրար հոգեբուժարանում այցելեց Կոմիտասին. «… Ես սենյակ մտա բուժքրոջ ուղեկցությամբ…Պառկած էր. վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա եւ սկսեցի համբուրել իրեն։ Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»։ Հետո «նստիր» ասաց, եւ սկսեցինք խոսել։
Կոմիտաս,- ասացի,- գիտեմ, չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել. մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում…
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահ գոյություն չունի և իսկույն սենյակի դուռը բանալով՝ հառաչեց. «գերեզման չէ, ապա ի՞նչ է»։
1928 թվին երկրորդ անգամ այցելեցի Կոմիտասին։ Մազերը բոլորովին սպիտակել էին։ Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց։
Այդպես էլ բաժանվեցի նրանից…»։
Ըստ Խաչիկ Սաֆարյանի, Կոմիտասի հիվանդության առաջին ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս աքսորի տարիներին։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորն հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան։ Ըստ ամենայնի, հենց այդ պահից էլ սկսվել էր կոմպոզիտորի ուղեղի մթագնումը…
Այդուհանդերձ, հակված ենք հավատալու, որ հանճարեղ երաժշտի մահվան պատճառը ոչ թե մտագարությունն էր, այլ ոսկրաբորբը։

Թողնել մեկնաբանություն