Կոմիտասը աշակերտների հետ

Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
Մելքոնը պատմում է, թե ինչպես ինքը երկար ու խիտ մազեր է պահելիս եղել, ինչը հարուցել է ուսուցչի զայրույթը, և Կոմիտասը նրան շարունակ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
— Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
— Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:

Կոմիտասի նամակն աշակերտներին. «Այս հաստագլուխներին բան հասկացնել հնարավոր  չէ» - 05.10.2017, Sputnik Արմենիա



Աշակերտը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ` խորասուզված էր ընթերցանության մեջ, երբ նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս ամենն ուղեկցվեց ներկաների բարձրաձայն քրքիջով: Երբ Մելքոնը շրջվում է, ետևում կանգնած տեսնում է Կոմիտասին` հաղթական դիրքով: Նա մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին աշակերտի առջև: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Ուսուցչի և աշակերտի միջև զավեշտական այս դրվագը սրանով չի ավարտվում: Եվ այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել` վնասելով գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո անգամ Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:

Աղբյուր՝ qahana.am

Թողնել մեկնաբանություն