Գրիգոր Նարեկացի: ԱՌԱՍՊԵԼ ԳԻՀՈՒ ՄԱՍԻՆ

Տասներորդ դարի հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու մասին շատ լեգենդներ կան հյուսված, որոնցից մեկում ասվում է, որ բանաստեղծը յոթը տարի հոտաղ է եղել Զևիկ գյուղում: Ի տարբերություն մյուս հոտաղների՝ նա անասուններին երբեք չէր ծեծում: Տեսնելով նրա բարությունը՝ տերը՝ բիրտ ու անբարիշտ մի մարդ, ասաց.-Էլ ի՞նչ հոտաղ, որ անասուններին չծեծի: Մի տո՛ւր էստեղ ճիպոտը:Եվ փորձելով խլել ճիպոտը՝ ընկնում է Նարեկացու հետևից: Եվ այդպես վազում էին նրանք իրար հետևից մինչև երեկո: Նարեկացին վախենում էր ոչ թե այդ բիրտ մարդու բռունցքներից, այլ չէր ուզում, որ մեծատունը ճիպոտը խլի, որովհետև այն խլելուց հետո անշուշտ պետք է ծեծեր անասուններին: Եվ այդ պահին կատարվում է հրաշք. Նարեկացին ձեռքի ճիպոտը խրում է հողի մեջ, և ինքն անհետանում: Տերը մնում է ափուբերան: Ուշքի գալով, հարուստը չարչարվում է, փորձում է ճիպոտը հանել հողից, բայց չի կարողանում, որովհետև այն անմիջապես արմատակալվում է, դառնում մշտականաչ ծառ՝ գիհի:Ասում են, գիհու ծառի փայտը չի փտում, այն ապրում է չորս հարյուր տարի: Բայց, որքան էլ զարմանալի է, Զևիկում Գրիգոր Նարեկացու տնկած գիհին ո՛չ փտում է, ո՛չ էլ չորանում:Նա անընդհատ կանաչ է: Գրիգոր Նարեկացու հրաշագործության շնորհիվ այն այժմ հազար տարեկան է: Եվ դեռ քանի՜ տարի էլ այն կապրի և դալար կմնա:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն