Փաստեր Ներսես Շնորհալու մասին

1.Ներսես Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է. Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և իշխան Ապիրատ Պահլավունու որդին:

2. Շնորհալին սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս:

3. Քաղաքական անհանգիստ մթնոլորտում, որպես օգնական ու խորհրդատու, միշտ եղել է եղբոր՝ կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու կողքին:

4. Այդպիսով, եղբայրները 1150 թվականին Հայոց կաթողիկոսարանը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա, որտեղ էլ Շնորհալին ծավալել է հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեություն:

5. Մեծ է Ներսես Շնորհալու թողած գրական ժառանգությունը.

վերջինս հեղինակել է արձակ  և առավելապես չափածո երկեր: Արձակ գործերն առնչվում են հեղինակի եկեղեցական ու քաղաքական գործունեությանը և ունեն պատմական ու գրական մեծ արժեք:

6. Շնորհալու արձակի ամենագնահատված գործը  «Թուղթ ընդհանրականն» է, որը նորընտիր կաթողիկոսի առաջին կոչն էր՝ ուղղված հայ ժողովրդին: «Թուղթ ընդհանրականը» ժամանակի Հայ եկեղեցու, հոգևորականության, աշխարհիկ խավերի կենցաղի ու բարքերիարտացոլանքն է։

7.Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը:

Գրել է չափածո խրատների 2 շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ։

8.Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով։Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

9.Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ-ին Եդեսիա հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը: Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս և սգավոր այրի, որը հիշում է իր երանելի անցյալը, զոհված զավակներին, անիծում ոսոխներին և վրեժխնդրության կոչ անում:

10.Սբ. Ներսես Շնորհալու հիշատակը Հայ եկեղեցին նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ «Սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնի հետ:

Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն