Մխիթարյանների դերը հայ մշակույթում

Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։

Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։

Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։ Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հին մատենագրության գրեթե բոլոր հայտնի դեմքերի` Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Հովհան Մանդակունու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալուև այլոց երկերը։

Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները տպագրել են Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», Պլատարքոսի «Զուգակշիռների» վեց հատորները, Քսենոփոնի «Կյուրոսի Խրատը», Կիկերոնի, Սենեկայի, Մարկոս Ավրիլիոսի, Վիրգիլիոսի երկերը,Սոֆոկլեսի ողբերգությունները, Եզովպոսի Առակները, Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Մանֆրեդը», Ռասինի, Կոռնելի ողբերգությունները և այլն։

Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն