Մաշտոցի և նրա աշակերտների գործունեություն

431 թ. Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնուպոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատում» քարոզների ժողովածուն։

Հայկական Մշակույթը 5-9-րդ դարերում | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Մաշտոցը եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը։ Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղծություններ է հորինել։ Տառերի գյուտից հետո, երբ շատացան եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրը, Մաշտոցի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետայգայում մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների շարակնոցներում կա շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում Հարց. Տէր երկնից, Ողորմեա շարքերից։ Դրանք մեսրոպյան տառերով գրված բանաստեղծություններ են։ Մաշտոցի բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը։

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ,
Մրըրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ,
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն։
(Շարական)

Մաշտոցը Սահակ Պարթևի հետ, հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը նրանք կարգավորել են հայոց բանավոր ժողովրդական ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը՝ պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը։

Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցանվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս։

Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն