Հայ դպրության հիմնադրումը

Հայոց գրերը ստեղծելիս Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին Հայաստանի ավելի քան 300 հազար կմ քառակուսի տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորների համար հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը։

Մեսրոպ Մաշտոց — Գոհար Պետրոսյան

Հայերենի հնչյունային համակարգը որոշելից Մաշտոցը առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։
Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համարակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծվեց մեկ նշանագիր (բացառություն էր «ու» հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մաշտոցը իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոխող կետերից ու գծիկներից յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծվեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ թեև ստեղծվել էր «ը» տառը, բայց, նկատի ունենալով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, «ը» տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600 տարիներին։ Միջնադարում Մաշտոցի գրած տառերին ավելացան միայն «o» և «ֆ» տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխություններ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922, 1940)։

Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն