Փաստեր Մաշտոցի ու Մաշտոցի գյուտի մասին…

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, Մաշտոցի հայրը եղել է կիսաազնվական Վարդանը։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։

Մաշտոցի գործունեությունը միաբևեռ չի եղել.

Մոտ 389-ին նա հաստատվել է Վաղարշապատում և արքունիքում եղել ատենադպիր, ապա անցել զինվորական ծառայության, իսկ 394-ին դարձել է վանական։

Մաշտոցի կարևոր առաքելություններից է եղել քրիստոնեության քարոզչությունը.

Նա իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ։ Գողթն գավառում, որտեղ պահպանվում էր հեթանոսական, կրոնը, հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Աստվածաշունչը հրապարակորեն կարդալու ընթացքում անմիջապես այն թարգմանել է հայերեն՝ Աստծո խոսքը ժողովրդին հասկանալի դարձնելու նպատակով։

Գրերի գյուտի անհրաժեշտությունը Մաշտոցը զգացել է նաև վերոնշյալ քարոզչությունների ընթացքում. դա նաև կրոնապահպան նպատակ ուներ։ Մաշտոցի առաջնային նպատակներից էր հայացնել Աստվածաշունչը և քրիստոնեական այլ գրքեր, որպեսզի եկեղեցիներում քարոզչությունն ու արարողությունները կատարվեն հայերեն։ 

Մաշտոցը հայ դպրության հինմնադիրն է.

Կորյունը  գրել է. «…Ամենաբարի աստծուց պարգևվեց նրանց՝ երանելի միաբանյալների աշխարհահոգ խորհուրդը ժողովել և հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամշապուհ թագավորը հայտնել է, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայկական գրեր կան, և «Նա էլ Վահրիճ անունով մեկին հրովարտակներով ուղարկեց դրանք Հայաստան բերելու»։ Այդուհետ հիմնվել են դպրոցներ, Մեսրոպ Մաշտոցը ստացել է վարդապետի  կոչում և սկսել մանուկներին ուսուցանել բերված գրերով։

Երկար ճանապարհ՝ դեպի մեծ հայտնագործություն

Մաշտոցի փնտրտուքները սկսել են Ասորիքից. Սահակ Պարթևի երաշխավորությամբ և թագավորի հրամանով Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ ուղևորվել է Ասորրք։ Եղել է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել Ասորի հոգևորականների հետ։

Մաշտոցը 405-ին ստեղծել է հայերենի հնչյունային համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր.

Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցի մահացել է 440 թվականին,  նրա դին, իշխան Վահան Ամատունու ջանքերով, տեղափոխվել ու թաղվել է Օշականում և երեք տարի անց գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի։ 1875-79-ին այդ եկեղեցու տեղում կառուցվել է Մեսրոպ Մաշտոց Եկեղեցին, որի բեմի տակի խորանում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն է։ Հայ եկեղեցին նրան դասել է իր սրբերի շարքը։

Մաշտոցի անունը մեր օրերում.

Մեսրոպ Մաշտոցի անունով են կոչվում Երևանի մի պողոտա, Հայաստանի և Սփյուռքի պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962-ից նրա անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Երևանի Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ 1993-ին Հայաստանի Հանրապետությունում սահմանվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն