Մաշտոցի առաքելությունը ու հիշատակը

Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալ ճանաչելու և նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է դեպի խոր զղջում, ապաշխարհություն և ճանապարհ բազում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։

AriTes | Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Որպես անհատ Մաշտոցը, Խորենացու վկայությամբ, գերազանցել է. «… բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։ (Պատմություն Հայոց, 1968 թ.) Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատռեց» (Վարք Մաշտոցի, 1962 թ.)։

Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը։ Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մաշտոցի ժողովրդականությունը, նրան դասել է իր սրբերի շարքը։

428 թ. Հայաստանի արևելյան մասում նույնպես վերացավ հայոց Արշակունիների պետականությունը։ Քաղաքական տեսակետից Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում Մաշտոցի գյուտով ծնունդ առած հայոց դպրությունը արագ ծաղկեց որպես երկրի քաղաքականապես անջատ մասերը հոգևոր ու մշակութային զոդումով միավորող և հայությանը ձուլումից պատսպարող ուժ։

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թ. Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան։ Նրա անունով է կոչվում Օշականի գլխավոր փողոցը, միջնակարգ դպրոցը և Օշականում կա նրա անունը կրող եկեղեցի, որը կառուցվել է նրա շիրմի վրա։ Օշականում գործում է նաև նրա անունը կրող երիտասարդաց և պատանյաց միություններ։

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն