Գրական-գեղարվեստական աշխատություններ: Մխիթարյան Միաբանություն

19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Հայկական կլասիցիզմն ավելի արգասավոր եղավ վիպերգի և դրամայի ասպարեզում։ Առաջին կլասիկական դրաման՝ «Արկածք Տիգրանայ» վերնագրով, հայտնվեց Մխիթարյանների թատրոնում 1776 թվականին։ Հաջորդ տասնամյակում ողբերգություններով հանդես եկան Մ. Ջախջախյանը՝ «Հաղթութիւն Տրդատայ ի վերայ Հռչեի», «Դավագործ մահ մեխին Խոսրովայ», Ե. Թովմաճյանը «Հայկ դյուցազն», «Հանդէս մեբնամարտութեան Որոտեանց» աշխատություններով, Պետրոս Մինասյանը «Արշակ Բ», «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Երվանդ» պատմական ողբերգություններով և այլք։ Գեղարվեստական երկերից հատկանշական են Ս. Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը», Կ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը», Ս Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ Նկարագիր սքանչելեաց բնութեան» գործերը և այլն։

Կատարվել են նաև մի շարք գեղարվեստական թարգմանություններ՝ Ժ. Ռասինի «Երգ վասն կրոնից», Ժ. Լաֆոնտենի «Առակք» և այլ ստեղծագործություններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին կլասիցիզմը զիջեց ռոմանտիզմին։ Վերջինիս հիմնադիրն էր Ղ. Ալիշանն իր «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի», «Հրազդան», չափածո, նաև «Յուշիկք հայրենեաց հայոց» ստեղծագործություններով։

Թողնել մեկնաբանություն