Առասպելներ: Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ և Տորք Անգեղ

Հայկը, Արամը, Արա Գեղեցիկը և Տորք Անգեղը հայոց պատմության մեջ հայտնի են ոչ այնքան դիցաբանական, որքան պատմական կերպարներ: Նրանք իրենց առասպելներով մի տեսակ պատմականացել ու մարդկանց երևակայության մեջ են մտել իբրև իրական հերոսներ և ծառայել են Հայաստանի անկախությանը:
————————————————————————————————————————

Հայկ դյուցազնը հայոց առասպելաբանության մեջ ամենաաչքի ընկնող հերոսն է: Հայ ժողովրդի ծագումն ու կոչումը ավանդությունը կապում է նրա անվան հետ: Հայկ նահապետի գերդաստանի տեղաշարժերը և բաբելացիների Բել թագավորի հետ ունեցած ճակատամարտերը երբենի պատմական իրողությունների արտացոլումն է: Շատ գիտնականներ վերջիններս կապում են հայ ժողովրդի տեղաշարժերի հնագույն պատմության հետ:

Հին աստվածներից են սերում հսկաների սերունդը՝ վիթխարի ու հաղթանդամ դյուցազուններ, որոնք, ամբարտավանալով և ըմբոստանալով, վճռում են կառուցել Բաբելոնի հսկա աշտարակը` հասնելու համար երկինք՝ աստվածներին: Երբ կառուցում են աշտարակը, աստվածների ցասումից վիթխարի հողմ է բարձրանում, կործանում աշտարակը: Աստվածների կամքով, յուրաքանչյուրը, այդ թվում՝ հսկաները անհասկանալի մի նոր լեզվով են սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթ է առաջանում:

Այդ հսկաներից մեկն էր նաև Հաբեթոսթյան Հայկը (ըստ պատմիչների (Մ. Խորենացի, Սեբեոս) Հայկը սերում է Նոյի երրորդ որդուց՝ Հաբեթոսթեից կամ Հաբեթից: Այստեղից էլ` Հաբեթոսթյան ազգանունը:), որը քաջ աղեղնավոր էր և հմուտ նետաձիգ:

Հայկը վայելչակազմ էր, թիկնեղ, հաստաբազուկ, գեղեցիկ վառվռուն աչքերով: Նա միակն էր հսկաների մեջ, որ քաջաբար ըմբոստացավ բոլոր նրանց դեմ, ովքեր ուզում էին իրենց գերիշխել: Դա այն ժամանակ էր,երբ բաբելոնյան իրարանցումի հետևանքով մարդկային ցեղը ցրվել և սփռվել էր ամբողջ երկրով մեկ, հզոր ու դաժան հսկաների մեջ, և յուրաքանչյուրն իշխելու նպատակով նույնիսկ ընկերոջն էր սպանում: Հսկաներից մեկին՝ Տիտանյան Բելին հաջողվում է բռնանալ մյուսների վրա և իրեն հռչակել թագավոր և աստված:

Սակայն Հայկը ըմբոստանում է Բելի դեմ, չի հնազանդվում և հրաժարվում է այդ բռնակալին աստված կոչել: Այնժամ Բելը զորքով հարձակվում է Հայկի երկրի վրա, բայց հանդիպում է Հայկ դյուցազնի և նրա զինակիցների համառ դիմադրությանը:

Չկամենալով հնազանդվել Բելին` Հայկը իր ողջ գերդաստանով գաղթում է Բաբելոնից դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը (Արարադի երկիր է կոչվում Միջագետքից դեպի հյուսիս ընկած երկրամասը, որն ասուրա-բաբելական աղբյուրներում կոչվում է նաև Ուրարտու, այսինքն՝ Հայաստանի ամենահարավային մասը, Վանա լճից դեպի հարավ): Հայկը սկզբում բնակվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում: Հետագայում այդ կալվածքները որպես ժառանգություն թողնում է թոռանը՝ Արամանյակի որդի Կադմոսին: Ինքն իր մնացած գերդաստանով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, հաստատվում մի բարձրավանդակ դաշտում և այդ լեռնադաշտը կոչում է Հարք (Հարքը (հին հայերենում նշանակում է՝ հայրեր) գտնվում է Վանա լճից հյուսիս-արևմուտք, Մշո դաշտից հյուսիս և կոչվում է նաև Բուլանըխ կամ Բուլանըխի դաշտ), այսինքն՝ այդտեղ բնակվողները հայրեր են՝ Թորգոմի տան սերնդից: Հայկն այստեղ կառուցում է մի գյուղ և կոչում իր անունով՝ Հայկաշեն:

Հայկաբերդ, Հայկաշեն, Աստվածաշեն անվանումներով հայտնի այս բերդը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում, Աստվածաշեն գյուղի արևմտյան կողմի ժայռաբլրի գագաթին (այժմ՝ ավերակ): Ըստ ավանդազրույցների` Հայկ Նահապետը Բելի դեմ հաղթական պատերազմից հետո հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր:

Այդ ժամանակ Բաբելոնում դեռևս թագավորում է Տիտանյան բելը, որն իրեն էր հնազանդեցրել բոլոր ազգերին: Վերջիններս կատարում էին նրա հրամանները, բացի Հայկ Նահապետից: Բելը փորձում է համոզել Հայկին, որ ենթարկվի իրեն և այդ նպատակով իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում: Սակայն մերժում ստանալով` նա արդեն փորձում է պատերազմով պատժել Հայկին: Բելին սկզբնական շրջանում հաջողվում է տիրանալ Կադմոսի երկրին և որից հետո շարժվում է դեպի Հարք:Հայկը Արամանյակի և Կադմոսի հետ միասին, իրենց զավակներով, ինչպես նաև իր յոթանասուն դստրերի որդիներով,որոնք բոլորն էլ հսկա տղամարդիկ էին, դուրս է գալիս Բելի մեծաքանակ զորքի դեմ: Երկարատև հետապնդումների և կռիվների արդյունքում Հայկին հաջողվում է սպանել Բելին: Լարելով իր հզոր մայրափայտյա աղեղը և եռաթև նետն արձակելով՝ նա հուժկու հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին: Նետասլաքը շեշտակի թափով ծակում անցնում, Բելի թիկունքից դուրս է գալիս և խրվում հողի մեջ: Ամբարտավան Բելը հսկա արձանի պես տապալվում է գետնին:

Բելի զինված հրոսակները, տեսնելով Հայկի քաջությունը, սարսափահար փախուստի են դիմում:

Հայկն այդ հաղթական ճակատամարտի վայրում կառուցում է դաստակերտ, անունը դնում Հայք՝ ի նշան հաղթական կռվի: Այդ անունից էլ մինչև հիմա ամբողջ գավառը կոչվում է Հայոց ձոր: Այն բլուրը, ուր ընկնում է Բելն իր մարտիկների հետ, Հայկը կոչում է Գերեզմանք, որը հետագայում հայտնի է Գերեզմանակք անունով: Իսկ Բելի դիակը Հայկը զմռսել է տալիս, տանում է Հարք և թաղում մի բարձրադիր տեղում: Արարադ երկիրը, ուր բնակություն է հաստատում Հայկը, հետագայում նրա անունով կոչվում է Հայք:

Հայկը հայ ազգի սերունդերի համար դարձավ պաշտելի նախնի: Քաջ դյուցազնի անունով է կոչվել երկնային Օրիոն համաստեղությունը: Իր հզորությամբ, գեղեցիկ արտաքինով և որսորդական արվեստով Հայկը համեմատվում է հունական Պոսեյդոնի որդի Օրիոնի հետ:Այս երկուսն էլ աղերսվում են աստեղային կրոնի հետ: Նրանք ունեն իրենց անունը կրող հատուկ համաստեղություններ,որոնք համընկնում են: Պատահական չէ, որ հին գրականության մեջ Օրիոն համաստեղությունը հաճախ հիշատակվում է Հայկ անունով:

Հայկի անոնով է նաև Կշիռ կենդանակերպ համաստեղությունը, որն ունի նաև Շամփուրք Հայկին կամ Պատրվակ Հայկին անվանումները:

Հայկ դյուցազնի հետ է կապված Հրատ մոլորակը և Շնիկը, որն իր պայծառության համար կոչվել է նաև Արամազդի աստղ:

Հայկի որդիների և դստրերի անուններով է կոչվել հին հայոց տոմարի ամիսների մի մասը:

Կա նաև տեսակետ, որ Հայկ դյուցազնը Ուրարտուի Խալդի աստվածն է:

ՀԱՅԿԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ՈՒ ԹՈՌՆԵՐԸ

Հայկի որդիներն ու դուստրերը, թոռներն ու ծոռները ծնվել են Բաբելոնում:

Հայկի անդրանիկ որդին էր Արամանյակը կամ Արամենակը, սրա անդրանիկ որդին էր Արամայիսը, սրա անդրանիկը՝ Ամասիան, սրանը՝ Գեղամը, Գեղամի անդրանիկը՝ Հարման, Հարմայինը՝ Արամը, իսկ Արամի անդրանիկ որդին՝ Արա Գեղեցիկը:

Բելին սպանելուց հետո Հայկը վերադառնում է իր բնակատեղին՝ Հարք: Նա իր Կադմոս թոռանը հրամայում է վերադառնալ նախկին կալվածքը և այնտեղ ընդմիշտ բնակություն հաստատել:

Հայկը երկար տարիներ Հարքում ապրելուց հետո մահանում է, սակայն մինչ այդ իր ողջ ունեցվածքը կտակել էր Արամանյակին:

Արամանյակը իր եղբայրներից՝ Խոռին և Մանավազին, ինչպես նաև Մանավազի որդուն՝ Բազին, թողնում է Հարքում: Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ որդին՝ Բազը, ժառանգում է աղի լճի հյուսիսարևմտյան ափը, և գավառն ու լիճը կոչում է իր անունով՝ Բզնունիք և Բզնունյաց ծով:

Մանավազից են հետագայում սերում Մանավազյան, իսկ Բազից՝ Բզնունյաց նախարարական տոհմերը: Իսկ Խոռը հյուսիսային կողմերում է հիմնավորվում, որից էլ սերում է Խոռխոռունիների մեծ նախարարությունը:

Արամանյակը, իր գերդաստանով շարժվելով դեպի հյուսիս-արևելք, հասնում է մի խոր ընդարձակ դաշտավայրի, որը շրջապատված էր բարձրագագաթ լեռներով: Նա բնակություն է հաստատում այդ դաշտում և շենացնում հատկապես հյուսիսային կողմը: Այնտեղ բարձրացող լեռը կոչում է իր անունով՝ Արագած, իսկ կալվածքը՝ Արագածոտն:

Արամանյակի մահից հետո նրա որդի Արամայիսը բնակություն է հաստատում դաշտի արևմտյան կողմից հոսող գետի ափին, մի բլուրի վրա կառուցում իր բնակատեղին և այն կոչում իր անվամբ՝ Արմավիր, իսկ գետը՝ թոռ Երաստի անունով կոչում է Երասխ:

Արամայիսն իր բազմազավակ և շատակեր որդուն՝ Շարային, իր տունուտեղով ուղարկում է Արագած լեռան թիկունքում գտնվող բերրի դաշտը: Նշված բնակավայրը հետագայում նրա անունով կոչվում է Շիրակ:

Այդ օրից Շարայի շատակերության մասին պահպանվել է հետևյալ առածը. “Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք”:

Արամայիսի մահից հետո Արմավիրը ժառանգում է նրա որդին՝ Ամասիան: Վերջինս ունենում է երեք զավակ՝ Գեղամ, Փառոխ և Ցոլակ: Վերջին երկու որդիներն ունենալուց հետո Ամասիան անցնում է գետը, մոտենում հարավային բարձրաբերձ լեռան ստորոտին և այդ խորշերում շինում երկու բնակատեղ: Այդ տները նա ժառանգություն է տալիս երկու որդիներին՝ Փառոխին և Ցոլակին, որոնք, բնակվելով այնտեղ, կոչում են իրենց անուններով՝ Փառիխոտ և Ցոլակերտ: Իսկ այդ բարձրաբերձ լեռը Ամասիան կոչում է իր անունով՝ Մասիս:

Արամայիսի մահից հետո ավագ որդին՝ Գեղամը, ժառանգում է Արմավիրը, բայց շուտով այն թողնում է իր որդի Հարմային: Իսկ ինքը գնում է հյուսիսարևելյան լեռների հետևում գտնվող ծովակի մերձակայքը: Շենացնելով ծովակի ափերը` լեռը կոչում է իր անունով՝ Գեղ, իսկ շեները և ծովակը՝ Գեղարքունի:

Այստեղ է ծնվում Գեղակի Սիսակ անունով որդին՝ մի թիկնեղ, վայելչակազմ ու գեղեցիկ աղեղնավոր: Գեղամը նրան տալիս է իր ունեցվածքի մի մասը: Նա որդուն նվիրում է Գեղարքունի ծովից դեպի արևելք ընկած տարածքները: Այդ աշխարհը Սիսակի անունով կոչվում է Սյունիք կամ ինչպես պարսիկներն են անվանում՝ Սիսական:

Գեղամը վերոհիշյալ դաշտի հյուսիսային կողմում՝ լեռան ստորոտում գտնվող գեղատեսիլ ձորակում, կառուցում է դաստակերտ և անունը դնում Գեղամի: Հետագայում նրա թոռ Գառնիկի անունով այն կոչվում է Գառնի:

Արտաշես թագավորի ժամանակ Գեղամի սերնդից մի պատանի է եղել Վարաժ անունով, որը քաջ ու դիպուկ նետաձիգ էր, եղջերուների, այծյամների և վարազների հմուտ որսորդ: Արտաշես թագավորը նշանակում է նրան արքունական որսապետ և պարգևում Հրազդան գետի հովտում գտնվող ավանները: Այդ Վարաժից էլ սկիզբ է առնում Վարաժնունիների իշխանական տոհմը:

ԱՐԱՄ

Արամը Գեղամի թոռն էր, Արմավիրի տեր Հարմայի որդին: Նա մեծ հայրենասեր էր, որը միշտ գերադասում էր մեռնել հանուն հայրենիքի, քան թե տեսներ թե ինչպես են օտար բռնակալները ավերում հայրենի երկիրը:

Արամի քաջագործությունների հետ է կապված թշնամիների ոտնձգություններից Հայաստանի պաշտպանությունը և նրա սահմանների ընդարձակումը:

Ինչպես Հայկ նահապետը, Արամը ևս պայքարում էր զավթիչ աստվածների և հսկաների դեմ: Նա հերոսական կռիվներ է մղել և հաղթել մեդացի (մարացի) Նյուքար Մադեսին, ասորի Նինոսին (որին երկար տարիներ հանգիստ չէր տալիս իր նախնի Բելի սպանության հիշատակը):
Ուշագրավ է հատկապես հսկաների ցեղի ներկայացուցիչ ասորի Բարշամի դեմ մղված կռիվները: Վերջինս իր 40 հազար հետևակներով և 5 հազար հեծյալներով հաճախակի ասպատակություններով և ծանր հարկերով ամայացրել էր Հայաստանի շրջակա երկրները: Արամը, ընդհարվելով Բարշամի զորքին, հետապնդում է նրան ընդհուպ մինչև Ասորեստանի դաշտը, շատերին կոտորում է, այդ թվում՝ Բարշամին:

Կապադովկիական Կեսարիայում նա ևս մարտնչում ու հաղթում է Պայապիս Քաղյա Տիտանյանին, որը բռնությամբ գրավել էր Պոնտոսի (Սև ծով) և Օվկիանոսի (Միջերկրական ծով) միջև ընկած տարածքները:
Արամը Կապադովկիական Կեսարիան պահպանելու համար այնտեղ տիրակալ է կարգում իր ցեղակիցներից Մշակին, նրան թողնում 10 հազար զինվոր և վերադառնում Հայաստան: Մինչ այդ նա հրաման է տալիս Կեսարիայի բնակիչներին՝ սովորել և խոսել հայերեն: Այդ պատճառով էլ հույներն այդ երկրամասը անվանում են Պռոտին Արմենիան, այսինքն՝ Առաջին Հայք: Իսկ այն դաստակերտը, որ իր անունով կառուցում է Մշակը, տեղացինեերը աղավաղված ձևով կոչում են Մաժաք. այն հետագայում նոր շինություններով ընդարձակվելով` այլոց կողմից կոչվում է Կեսարիա:

Այնքան մեծ էր Արամի հեղինակությունը, որ նրա անունով են մինչև այժմ մեր երկիրն ու ազգը կոչում դրացի ժողովուրդները. հույները՝ Արմեն, պարսիկներն ու ասորիները՝ Արմենիկ:

Արամը ողջ ժառանգությունը թողնում է իր գեղեցիկ որդուն՝ Արային:

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ

Արամի մահից հետո Հայաստանում իշխանությունն անցնում է իր որդուն՝ Արա Գեղեցիկին:

Այդ նույն ժամանակ Ասորեստանում թագավորում էր Նինոսը: Նինոսի կինը՝ գեղեցկուհի և այրասեր Շամիրամն էր, որը, լսելով Արայի քաջության և անզուգական գեղեցկության մասին, ցանկանում է տիրանալ նրան:

Նինոսի մահից հետո Շամիրամը չի կորցնում պահը, և ամեն գնով ձգտում է հասնել իր նպա-տակին: Շամիրամը պատգամախոսներ և մեծ ընծաներ է ուղարկում Արային` խոստանալով նաև նրան հանձնել իր թագավորությունը,պայմանով, որ նա ամուսնանա իր հետ կամ սիրեկանը դառնա: Արայի մերժմանն արժանանալով` Շամիրամը զորքով արշավում է Հայաստան: Նա հասնում է մինչև Արայի դաշտ (որը հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ):

Այստեղ նա մարտի է դուրս գալիս Արայի զորքի դեմ: Նա նպատակ ուներ իր սիրելիին կենդանի գերի վերցնել, մինչդեռ Արան նահատակվում է: Նրա դին, ապարանքի վերնատուն տեղափոխելով, Շամիրամը Արալեզների միջոցով ուզում է հարություն տալ նրան: Նա հույս ուներ հմայությամբ վերակենդանացնել Արային: Բայց երբ դին սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր հպատակներից մեկին հանդերձավորում Արայի կերպարանքով և լուր տարածում, թե “Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր ցանկությունը կատարեցին: Այսուհետև նրանք առավել արժանի են մեր պաշտամունքին, մեր փառաբանմանը”:

Շամիրամն արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում:

Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը դրանով իսկ փորձում էր խաղաղեցնել ժողովրդի հուզմունքը:

Հայագիտության մեջ կան տեսակետներ, որ Արա Գեղեցիկը ներկայացրել է բուսականության, բերքի և բնության, մահվան ու հարության աստվածությունը: Նրա պաշտամունքի հետ են կապված “Վիշապ” քարակոթողները, որոնք, ըստ էության, Արա Գեղեցիկի արձաններն են: Վերջիններս Հայոց լեռներում, աղբյուրների ակունքներում կանգնեցվել են ոռոգման ջրերով բերքն ապահովելու նպատակով:

Երբ Արա Գեղեցիկը ընկավ Շամիրամի դեմ մղված ճակատամարտում, նա արդեն ուներ տասներկուամյա մի տղա` ծնված իր սիրելի կնոջից՝ Նվարդից:

Շամիրամը Արայի նկատմամբ տածած իր անհուն սիրո պատճառով Արայի անունով է կոչում նաև նրա որդուն: Շամիրամն այնքան շատ էր սիրում ու վստահում Արայան Արային, որ նրան մտերմաբար նշանակում է Հայոց աշխարհի վերակացու: Արայան Արան ևս հավատարիմ է մնում Շամիրամին և նրա հետ միասին սպանվում պատերազմում:

Արայան Արան սպանվելուց հետո թողնում է արու զավակ՝ անունը՝ Անուշավան, որը գործով հզոր և խոսքով հանճարեղ անձնավորություն էր: Նա կրում էր Սոսանվեր մականունը, որովհետև, ըստ հին պաշտամունքի, նա նվիրված էր Արմավիր քաղաքում Արամանյակի տնկած սրբազան սոսիներին: Այդ սոսիների սաղարթների սոսափյունից, կախված քամու ուժից և ուղղությունից, հայոց աշխարհում դարեր շարունակ ընդունված էր գուշակություններ կատարելը:
Անուշավանը գնում է Ասորեստան և Շամիրամի որդի Նինվասից ձեռք բերում Հայոց աշխարհի խնամակալության իրավունքը:

ՏՈՐՔ (ԿԱՄ՝ ՏՈՒՐՔ) ԱՆԳԵՂ

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր: Նա մի տգեղ, բարձր, կոպիտ կազմվածքով, տափակ քթով, փոս ընկած աչքերով մարդ էր, որին խիստ տգեղության համար Անգեղյա էին կոչում (Տորքը հին անատոլական Տարու, Տարքու, Տարխու, Տրքա անվանաձևերով հայտնի ամպրոպի և փոթորկի աստվածությունն էր, որ հայոց հին ավանդության մեջ փոխարկվել է Տորքի կամ Տուրքի: Այդ դիցանվան հետքերն ու հիշատակը պահվել է Սեմի որդի Տարբանի առասպելի և Տարոն տեղանվան մեջ: Անգեղյա մակդիրը Մ. Խորենացին ժողովրդական ստուգաբանությամբ բացատրում է իբրև՝ ան-գեղ, այսինքն՝ տգեղ: Մինչդեռ Անգեղը եղել է հին հայկական աստվածներից մեկը, որի անունով է Աստվածաշնչում հայերեն թարգմանվել շումերա-աքքադական ստորգետնյա թագավորության աստծո՝ Ներգալի անունը:):

Հայոց Վաղարշակ թագավորը Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ դնում է Անգեղ տուն (Անգեղ տունը Հին Ծոփքում գավառ էր և նախարարություն: Այդտեղ հնում, կարծիքներ կան, որ տարածված է եղել Անգեղ աստծո պաշտամունքը):
Տորքը համարվում էր Հայաստանի հզոր պաշտպան և նրա թշնամիների հալածող:

Նա օժտված էր վիթխարի ուժով. նա ձեռք էր զարկում ապառաժներին, եղունգներով տաշում է ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում:

Պոնտոս ծովի ափից Տորքը թշնամական նավերի վրա ժայռեր է նետել և շատերին խորտակել:

Պատահական չէ, որ շատ ուսումնասիրողներ Տորք Անգեղին տեսնում են հետագայում ձևավորված “Սասնա ծռեր” էպոսի մեջ՝ հանձինս Դավթի և Մհերի, որոնք կարծես նույն հսկաներն են, նույն ժայռեր ճեղքողները և նույն հայրենասեր դյուցազունները:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն