ՀԽՍՀ

Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին: Մինչև վերջինիս ժամանումը Երևան` իշխանությունը հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Հայաստանի հեղափոխական կոմիտեն (հեղկոմ, նախագահ՝ Սարգիս Կասյան), դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և, հակառակ պայմանավորվածության, դաշնակցականներին տեղ չտվեց Կառավարությունում:

Երկրում իշխանությունը գործում էր հեղկոմների միջոցով, որոնք օրենսդիր և գործադիր մարմիններ էին: Հայհեղկոմի առաջին դեկրետով (որոշում) ստեղծվեց Արտակարգ հանձնաժողով (ռուսերեն` ՉԵԿԱ՝ Չրեզվիչայնայա կոմիսիա): Նախկին դատական համակարգը փոխարինվեց «ժողովրդական դատարաններով» և «հեղափոխական տրիբունալներով»: 1921 թ-ի հունվարին ծառայությունից ազատվեց բանակի հրամանատար Դրոն: Կալանավորվեց և Բաքվի բանտ ու ՌԽՖՍՀ Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբար ուղարկվեց Հայաստանի Հանրապետության բանակի շուրջ 1400 սպա:

ՀԽՍՀ իշխանությունները երկրի տնտեսության մեջ կիրառեցին Ռուսաստանում իրականացվող, բայց իրեն արդեն սպառած «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը՝ պարենմասնատրումը: Հացի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը վերածվեց ժողովրդի, առաջին հերթին՝ գյուղացիության կողոպուտի, որի հետևանքով երկրում սաստկացան սովն ու դժգոհությունը: 1921 թ-ի փետրվարին կատարված նոր ձերբակալություններն ու գնդակահարություններն ավելի բարդացրին իրադրությունը՝ հանգեցնելով համաժողովրդական ապստամբության, որը տևեց շուրջ 40 օր: 1921 թ-ի ապրիլի 2-ին բոլշևիկյան զորքերը վերագրավեցին Երևանը և երկրում վերահաստատեցին իրենց իշխանությունը: Մայիսի 21-ին հեղկոմը վերակազմվեց ՀԽՍՀ Ժողկոմխորհի, կազմվեց Կառավարություն՝ Ալեքսանդր Մյասնիկյանի նախագահությամբ: 

Ապստամբության ժամանակ ստեղծված Հայաստանի փրկության կոմիտեն հեռացավ Ինքնավար Սյունիք, որն այդ օրերին խորհրդա-ադրբեջանական վտանգից պաշտպանում էր Գարեգին Նժդեհը: Այն վերանվանվեց Լեռնահայաստանի Հանրապետություն. կառավարությունը գլխավորեց Սիմոն Վրացյանը, իսկ սպարապետ նշանակվեց Գարեգին Նժդեհը: 1921 թ-ի հունիսին, երբ վերացավ Զանգեզուրն Ադրբեջանին կցելու վտանգը, խորհրդային իշխանություն հաստատվեց նաև այդ երկրամասում, և այն միացավ ՀԽՍՀ-ին:

1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Հայկական ԽՍՀ-ի և Թուրքիայի միջև սահմանն անցկացվեց Ախուրյան և Արաքս գետերով: Թուրքիային տրվեց նաև Սուրմալուի գավառը, որ երբևէ նրա կազմում չէր եղել: Նախիջևանի երկրամասը և Շարուրի գավառը հանձնվեցին Ադրբեջանին: Հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով վավերացվեց հայկական տարածքների այդ բռնազատումը: 1921 թ-ի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվեց Ադրբեջանի մաս, և առաջարկվեց կազմավորել ինքնավար մարզ: Այդ նույն ժամանակ Վրաստանին բռնակցվեցին Լոռու հյուսիսային շրջանները և Ախալքալաքը: Միայն 1923 թ-ի հուլիսին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների պարտադրանքով կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում:

1922 թ-ի հունվարից ՀԽՍՀ իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվեցին ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով: 1922 թ-ի փետրվարին ընդունվեց ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը, որը նաև առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ: Նույն թվականին ՀԽՍՀ-ն ընդգրկվեց նորաստեղծ Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) և նրա հետ՝ նորաստեղծ ԽՍՀՄ կազմի մեջ. ԱԽՖՍՀ-ի լուծարումից հետո՝ 1936 թ-ի դեկտեմբերի 5-ից, ՀԽՍՀ-ն ինքնուրույն միութենական հանրապետություն էր ԽՍՀՄ կազմում:

1921 թ-ի գարնանից Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցավ նոր տնտեսական քաղաքականության (ռուսերեն` նէպ, նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինեց «ռազմական կոմունիզմին» և շարունակվեց մինչև 1928 թ.: Մտցվեց պարենային հարկ, թույլատրվեցին ապրանքադրամական հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն: Նէպ-ի շնորհիվ վերականգնվեցին Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ոռոգման համակարգը, կառուցվեցին նոր՝ Էջմիածնի, Շիրակի և այլ ջրանցքներ: 1925 թ-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը գերազանցեց նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր՝ 1913 թ-ի մակարդակը: Սկսեցին գործել էլեկտրակայաններ, վերականգնվեցին պղնձահանքերն ու պղնձաձուլարանները, գինու և կոնյակի արտադրությունը հասավ 1913 թ-ի մակարդակին:

1920-ական թվականների վերջին սկսվեց երկրի ինդուստրացումը, որը համարվում էր սոցիալիզմի կառուցման հիմնական պայման: Մշակվեցին երկրի տնտեսության զարգացման հնգամյա պլաններ: Արագորեն զարգացավ էներգետիկան. կառուցվեցին Քանաքեռի, Ձորագետի և այլ ջրէկներ: Էլեկտրաէներգիայի արտադրության աճը նպաստեց գերազանցապես էներգատար ճյուղերի, հատկապես քիմիական արդյունաբերության զարգացմանը երկրում, որի շնորհիվ ՀԽՍՀ-ն 1930-ական թվականների վերջին վերածվեց գերազանցապես արդյունաբերական երկրի: Այդ տարիներին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 % էր: Արդյունաբերության զարգացման շնորհիվ ՀԽՍՀ քաղաքային բնակչությունը, 1939 թ-ի մարդահամարի տվյալներով, հասավ 28,6 %-ի (1913 թ-ին՝ 10,4 %): Քաղաքային բնակչության աճը շարունակվեց նաև հաջորդ տասնամյակներում: Նախապատերազմյան խոշոր կառույցներից էին Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանը, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը: Հիմնադրվեցին Արթիկտուֆ և Անիպեմզա տրեստները և այլն: 

1930-ական թվականների սկզբներին, երկրի պարենային հարցերը լուծելու նպատակով, բռնի կերպով վերացվեցին գյուղացիական մասնավոր տնտեսությունները, և ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ (նաև խորհտնտեսություններ՝ սովխոզներ): Ի պատասխան բռնի կոլեկտիվացման քաղաքականության՝ գյուղացիների զգալի մասը կանխամտածված փչացնում էր բերքը, մորթում անասունները և դիմում զինված պայքարի: Դրանց հաջորդեցին ստալինյան նոր բռնաճնշումները: Կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվեց 1935–37 թթ-ին, իսկ պատերազմի նախօրեին (1941 թ-ի հունիս) հանրապետության կոլեկտիվ տնտեսությունների թիվը հասավ 1000-ի:

Բռնաճնշումների հաջորդ ալիքը ծավալվեց 1930-ական թվականների 1-ին կեսին՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանում: «Կուլակաթափ» արվեցին և ՀԽՍՀ-ից արտաքսվեցին մի քանի հազար գյուղացիական ընտանիքներ: 1936 թ-ի հուլիսին Թիֆլիսում սպանվեց ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Ձերբակալվեցին գրողներ, մշակույթի գործիչներ, հանրապետության պետական և կուսակցական ղեկավարներ, հեղկոմի նախկին անդամներ, բռնադատվեցին բազմաթիվ հոգևորականներ: Բռնադատվածների ընդհանուր թիվն անցավ 25 հզ-ից. կեսը գնդակահարվեց, մնացածները կալանավորվեցին ու տեղափոխվեցին տարբեր ճամբարներ:

Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): Բանակ զորակոչվեց շուրջ 500 հզ. հայ ՀԽՍՀ-ից, Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, Խորհրդային Միության հայաբնակ այլ վայրերից: Ռազմի դաշտում էին հայկական 76-րդ, 89-րդ (Թամանյան), 390-րդ, 408-րդ, 409-րդ ազգային զորամիավորումները: ՀԽՍՀ-ի սահմանները պաշտպանում էր 261-րդ դիվիզիան: 

Պատերազմի տարիներին հանրապետությունում ավելացավ սինթետիկ կաուչուկի, պղնձի, կարբիդի արտադրությունը, կառուցվեցին շուրջ 30 արդյունաբերական նոր ձեռնարկություններ: Գյուղացիությունը կատարեց գյուղատնտեսական մթերքների արտադրության պետական առաջադրանքները: 

Պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը փորձեց Կարսը և Արդահանը վերադարձնել ՀԽՍՀ-ին, սակայն, հանդիպելով դաշնակից պետությունների դիմադրությանը, ձեռնպահ մնաց:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որոշ չափով թուլացավ խորհրդային ամբողջատիրական համակարգի գաղափարական «աքցանը»: Սակայն հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից փրկված խորհրդային տասնյակհազարավոր ռազմագերիներ դարձյալ ազատազրկվեցին: Ավելին՝ 1949 թ-ի հունիսի 14-ին ՀԽՍՀ-ից 13 հզ. հայ բռնադատվեց և աքսորվեց: Հազարավոր հայեր աքսորվեցին նաև Վրաստանից, Ադրբեջանից և այլ հանրապետություններից: Առհասարակ՝ խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում բռնադատվեց շուրջ 42 հզ. մարդ. զգալի մասը գնդակահարվեց:

Պատերազմի տարիներին Հայ եկեղեցու օգնությունն ստանալու ակնկալիքով նրա նկատմամբ մեղմացվեց պետական վերաբերմունքը: 1945 թ-ի ապրիլի 19-ին Ստալինն ընդունեց կաթողիկոսի տեղապահ Գևորգ Չորեքչյանին, իսկ հունիսի 16-ին Սբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովը նրան ընտրեց Ամենայն հայոց կաթողիկոս (Գևորգ Զ Չորեքչյան): 

1945 թ-ի նոյեմբերին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց սփյուռքահայերի հայրենադարձությունը կազմակերպելու մասին: Առաջին քարավանը Բեյրութից Հայաստան հասավ 1946 թ-ի հունիսին: 1946–48 թթ-ին 12 երկրից հայրենադարձվեց շուրջ 90 հզ. հայ:

Ստալինի մահից (1953 թ.) հետո սկսվեց այսպես կոչված «խրուշչովյան ձնհալի» ժամանակաշրջանը (1954–64 թթ.). երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցավ որոշակի ազատականացում: Արդարացվեցին (հիմնականում հետմահու) 1930-ական թվականների բռնադատվածներից շատերը, վերադարձան 1949 թ-ին աքսորված հազարավոր հայ ընտանիքներ: Հայաստանի մտավորականությունը հնարավորություն ունեցավ արծարծելու Հայ դատի, կորցրած տարածքների վերադարձի, ազգի համախմբման և այլ հիմնախնդիրներ: Այս նպատակներն էին հետապնդում 1960-ական թվականներին Հայաստանում ստեղծված ընդհատակյա՝ Ազգային միացյալ կուսակցությունը, Հայ հայրենասերների միությունը և այլ կազմակերպություններ:

1965 թ-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանում համազգային մեծ ցույց կազմակերպվեց, որը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին տարերային ու զանգվածային ելույթներից էր: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի (1960–66 թթ.) աջակցությամբ 1965 թ-ին որոշում ընդունվեց Ծիծեռնակաբերդում կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան (բացումը՝ 1967 թ-ին): 1968 թ-ին նշվեց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը, բացվեց Սարդարապատի հուշարձան-համալիրը, 1974 թ-ին՝ ազգագրության թանգարանը: 

1964 թ-ին ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Լեոնիդ Բրեժնևը. հաստատվեց բրեժնևյան պահպանողականների տիրապետությունը: Աստիճանաբար վերացվեցին նշմարվող ազատությունները, կրկին ամրապնդվեց վարչահրամայական համակարգը, երկրում սկսվեց տեղատվության և լճացման տևական փուլ: 

Հետպատերազմյան առաջին տասնամյակում հանրապետությունում կառուցվեցին նոր գործարաններ ու ֆաբրիկաներ, էլեկտրակայաններ ու ջրանցքներ, քաղաքներ ու ավաններ: Այդ գործում զգալի ավանդ են ունեցել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը (պաշտոնավարել է 1937–53 թթ-ի ծանր տարիներին) և Սուրեն Թովմասյանը (1953–60 թթ-ին): Նախագծվեց Սևան-Հրազդան կասկադը, գործարկվեցին Սևանի (1949 թ.), Գյումուշի (այժմ՝ Կարենիս, 1953 թ.) ջրէկները, 1960-ական թվականներին Երևանում, Հրազդանում, Կիրովականում կառուցվեցին հզոր ջէկեր: Երկրի տնտեսական զարգացումը շարունակվեց նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ Անտոն Քոչինյանի (1966–74 թթ.) և Կարեն Դեմիրճյանի (1974–89 թթ.) օրոք: Կառուցվեց Հայկական ատոմակայանը, որի առաջին էներգաբլոկը գործարկվեց 1976 թ-ին, իսկ երկրորդը՝ 1979 թ-ին: Կառուցվեցին Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու լեռնաքիմիական գործարանները, Կիրովականի ազոտային պարարտանյութերի արտադրամասը և այլն: 1970-ական թվականներից շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով կարևորվեց համեմատաբար անվտանգ` դեղագործական, կենցաղային քիմիայի ձեռնարկությունների զարգացումը:

Կազմակերպվեց մոլիբդենի, ոսկու, մի շարք հազվագյուտ մետաղների արտադրություն: Աստիճանաբար ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղ դարձավ մեքենաշինությունը: Ընդլայնվեցին շինանյութերի, թեթև, սննդի արդյունաբերության արտադրական կարողությունները: Մինչև 1980-ական թվականների վերջը հանրապետությունում կառուցվեցին շուրջ 600 մեծ և փոքր արդյունաբերական ձեռնարկություններ: Ընդունվեց փոքր քաղաքների զարգացման ծրագիր: Կառուցվեցին արդյունաբերական նոր կենտրոններ Հրազդանը,  Չարենցավանը, Դիլիջանը, Սևանը, Նոր Հաճնը, Աբովյանը և այլն: Արդյունաբերական նվաճումները պայմանավորված էին նաև գիտության տարբեր ճյուղերի առաջընթացով: Հայկական ԽՍՀ-ում ստեղծվեց հզոր գիտական ներուժ: Գիտության զարգացումն ապահովում էին 1943 թ-ին ստեղծված ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան՝ իր գիտահետազոտական ինստիտուտներով, ինչպես նաև բուհերը: 1960–80-ական թվականներին բարելավվեց հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը: Կառուցվեցին Սևան–Շորժա–Զոդ, Մասիս–Նուռնուս, Իջևան–Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի», նաև Լենինականի օդանավակայանները: Սևանա լճի մակարդակը պահպանելու նպատակով 1961 թ-ին սկսվեց 48-կմ-անոց Արփա–Սևան ջրատար թունելի կառուցումը, որը շահագործման հանձնվեց 1981 թ-ին:

Հետպատերազմյան շրջանում մեծ ներդրումներ կատարվեցին գյուղատնտեսության ոլորտում. 1947– 1965 թթ-ին ոռոգելի հողատարածություններն ավելացան 48 հզ. հա-ով, յուրացվեց 16 հզ. հա ճահճուտ: 1960–80-ական թվականներին կառուցվեցին Արզնի–Շամիրամ, Որոտանի, Ախուրյանի ջրանցքները, շահագործման հանձնվեցին մի շարք ջրհան կայաններ ու ջրամբարներ: Այդուհանդերձ, գյուղատնտեսությունը պարբերաբար հայտնվում էր ճգնաժամային իրավիճակում: 

1985 թ-ին, հավատալով ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի «վերակառուցման» քաղաքականությանը, ԼՂԻՄ-ի հայությունը դարձյալ առաջ քաշեց մարզը ՀԽՍՀ կազմում ընդգրկելու հարցը: 1988 թ-ին սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը:

Հանրապետության տնտեսությունն զգալի կորուստ կրեց 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից. ավերվեց հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների արդյունաբերության և բնակելի ֆոնդի 40 %-ը: ԽՍՀՄ հանրապետությունները, բազմաթիվ երկրներ, զանազան միջազգային կազմակերպություններ և Սփյուռքն զգալի օգնություն ցուցաբերեցին երկրաշարժից տուժած շրջաններին:

1990 թ-ի մայիսին Հայկական ԽՍՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան Գերագույն խորհրդի (ԳԽ) այլընտրանքային ընտրություններ, և ժողովրդավարական ուժերի հաղթանակով հանրապետությունում ավարտվեց խորհրդային հասարակարգի 70-ամյա շրջանը: ԳԽ նախագահ ընտրվեց հաղթած՝ «Հայոց համազգային շարժում» կազմակերպության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեով նույն ամսի 23-ին Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: 

1991 թ-ի սեպտեմբերի 2-ին անկախություն է հռչակել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 

Անկախացան նաև միութենական մյուս հանրապետությունները, և 1991 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեց գոյություն ունենալուց:

Թողնել մեկնաբանություն