Նահապետ Քուչակ


Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Նրա ծնունդը ենթադրաբարդրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ ել թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն, որոնք թե՜ բովանդակությամբ ու ծավալով և թե՜ լեզվական ու տաղաչափական հատկանիշներով։ ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչներից ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձերագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ…

Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի նրա ակնատը (թակարդ):

Զետ մանկակորուստ կաքավ
ի լեռնեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնատ ունիս,
բեր լարե՜, գամ ընկնեմ ի ներս:
Ու թեև սերը տառապանք է բերում, բայց նաև կյանքի հիմքն է, սիրահար սրտին կենդանություն պարգևողը.
Ես աչք ու դու լույս, հոգի՜,
առանց լույս՝ աչքըն խավարի,
Ես ձուկ ու դու ջուր, հոգի՜,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի.
Երբ ձուկն ի ջըրեն հանեն
ի այլ ջուր ձըգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենե զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը. «Զաղեկն դու՜ ստեղծեցիր, ինձ հե՞ր մեղք դնես, թե սիրեմ»: Մեկ ուրիշ երգում, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը: Գեղեցիկ կինը սիրով խոցում և եկեղեցուց դուրս է բերում անգամ եկեղեցու սպասավորին:
Քուչակն ընդվզել է նաև իշխող հասարակական կարծիքի ու բարքերի դեմ. սերը պիտի ազատ լինի, հարկադրանքով կամ հաշվենկատ սեր չի լինում.

Սերն որ դրամով լինի,
զինք էրել պիտի կըրակով.
Սերըն խընծորով պիտի
ու դրա՛մ-դրա՛մ շեքերով:

Հայրեններում սիրո երգը միահյուսված է բնության երգին, բնությունը միջոց է սիրած կնոջը պատկերելու և գովերգելու համար:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:

Թողնել մեկնաբանություն